15 Հունիսի, 2006, Ռեդմոնթ, Վաշինգթոն: (ձախից-»աջ) Մայքրոսոֆթի Նախագահ՝ Բիլ Գեյթս, Հետազոտությունների և Ստրատեգիական Պլանավորման Պատասխանատու՝ Քրեյգ Մունդի, Ծրագրերի Գլխավոր Նախագծող՝ Ռեյ Օզզի և Գլխավոր Գործադիր Տնօրեն՝ Սթիվ Բալմեր։
Ռեդմոնթ, Վաշինգթոն - 15 հունիսի, 2006թ. Այսօր ծրագրային ապահովման հսկա Մայքրոսոֆտ ընկերության հիմնադիր և նախագահ Բիլ Գեյթսը հայտարարեց, որ մինչև 2008թ. հուլիս ամիսը նա աստիճանաբար կդադարեցնի իր ամենօրյա աշխատանքային պարտավորությունների կատարումը ընկերության կազմում, բավարարվելով միայն ընկերության նախագահի և խորհրդականի սահմանափակ դերով, որպեսզի կարողանա ավելի շատ ժամանակ հատկացնել Բիլլ և Մելինդա Գեյթս Բարեգործական Հիմնադրամի կողմից իրականացվող առողջապահական և կրթական ծրագրերին։
Մի կողմ թողնենք Բիլ Գեյթսի որոշման բարոյական ասպեկտները և խոսենք կոնկրետ մեկ թեմայից՝ ի՞նչ է սա նշանակում Լինուքսի համար։ Կամ ասենք՝ Մակինտոշի համար... քանի որ այս թեման առանձնապես մեծ ոգևորությամբ են քննարկում հենց Մակիստները՝ գտնելով որ այս քայլը Մայքրոսոֆթի վերջի սկիզբն է։
Պարոնայք, հանգստացե՛ք։ Լինուքսի միակ շանսը ստանդարտացումն է։ Պետք չէ հուսալ և մտահանգումներ անել որպես ելակետ ունենալով այն ենթադրությունը, որ Աքիլեսը չգիտես ինչու կաթված կստանա և ինքնուրույն կմեռնի։ Մայքրոսոֆթ ընկերության գործադիր տնօրենը արդեն 6 տարի Սթիվ Բալմերն է՝ Բիլ Գեյթսի համալսարանական ընկերը։ Ժամանակին, երբ Բիլը սկսեց սահմանափակել իր ֆունկցիաները որպես գործադիր տնօրեն, շատերը ենթադրեցին, որ Մայքրոսոֆթը սպառել է իրեն։ Իրականում, Սթիվը կարողացավ կրկնապատկել Մայքրոսոֆթի եկամուտները և թերի էքսպերիմենտալ ծրագրեր (Windows 3.0; Windows 98, Windows ME) թողարկող գիտահետազոտական ինստիտուտից Մայքրոսոֆտ ընկերությունը դարձնել աշխարհի ամենալուրջ բիզնես կառույցներից մեկը։ Սթիվի տակտիկան իրականում նմանվում է փորձված գեներալի մարտավարության՝ դադարեցնել ուժերի անիմաստ վատնումը, ամրանալ գրաված տարածքներում (Windows XP, Microsoft Office 2000/XP/2003 - բոլորն էլ իրականում նույն արտադրանքի կոսմետիկ ձևափոխումներ են)և ուժերը չվատնել ոչ եկամտաբեր նախագծերի վրա։
Մայքրոսոֆթը եղել և մնում է կործանարար ուժ բոլոր տեսակի երկընտրանքային համակարգերի համար։ Մայքրոսոֆթը դուրս է եկել իր գոյության այն փուլից, երբ նորարարությունը և «ամենալավագույն ապրանքի» մատուցումը հանդիսանում էր ընկերության զարգացման հիմքը, որը լրացուցիչ ուժ էր ստանում Բիլ Գեյթսի ակնհայտ բիզնես տաղանդից։ Այժմ այստեղ գործում են հստակ բիզնես մոտեցումները և գրագետ ապրանքավարությունը՝ այստեղ արդեն կարևոր չէ, թե ինչ ապրանք են վաճառում օգտագործողին, կարևորն այն է, որ վաճառքի պահանջը չպակասի։
Եկեք բոլոր ուժերը կենտրոնացնենք Աքիլեսի կրունկի հայտնաբերման վրա... դա է միակ ճանապարհը։

0 comments:
Post a Comment