Monday, December 04, 2006

Լինուքս որսացողները, կամ որտեղից ճարել Լինուքս Հայաստանում

Լինուքս ճարելու ամենահեշտ տարբերակն ինտերնետից քաշելն է. 50-ից 700 մեգաբայթի սահմաններում կարելի է Լինուքսի բավական տանելի դիստրիբուտիվ /իր սեփական տեղադրիչ-ինստոլյատորով ամբողջական Լինուքս համակարգ/ քաշել։ Իհարկե, հեշտ ասելը հեշտ է, բայց երբ բանը հասնում է Հայաստանի պայմաններում 1-2 CD ծավալով ինտերնետից բան քաշելուն, կյանքը միանգամից սկսում է դժոխք թվալ, որովհետև ինտերնետը մեր մոտ շարունակում է դեֆիցիտ մնալ։

Ինչևէ, հերիք դարդերից պատմեմ, և ասեմ թե Լինուքս ձեռք քցելու համար ես ինչ քայլերի եմ դիմում.
  1. Դիսկերի խանութներում երբեմն (բավականին հազվադեպ), կարելի է հանդիպել Լինուքսի։ Առավել հաճախ իմ կողմից Լինուքս նկատվել է Discland խանութների ցանցում։ Վերջին մեկ տարվա ընթացքում հայկական դիսկային խանութներում նկատվել են՝ Mandrake 10.0; Red Hat 9; Fedora Core 2; Suse Linux; ASPLinux դիստրիբուտիվները։
  2. Դիմել ընկեր/բարեկամների օգնությանը։ Ահավոր օգտակար բան է Arminco-յում կամ Web.am-ում ծանոթ ունենալը։ Նրանք կարող են առնվազն 2 տեսակի օգնություն ցուցաբերել. 1 տարբերակ - նրանց սերվերների վրա, FTP-ում կան կամ պարբերաբար լինում են ամբողջական Լինուքս դիստրիբուտիվներ։ Լավ ծանոթ ունենալու դեպքում կարելի է CD-ով ներկայանալ և խնդրել Լինուքս։ Եթե չտան, կարելի է համառել, և խնդրել (ուշադրություն մոտեցանք 2րդ տարբերակին) ինտերնետից իրենց հաշվին քաշել և տալ երկար սպասված Լինուքսը։
  3. Դիմել փոխ-օգնության եղանակին։ Ես հաճախ եմ դիմում փոխանակման սկզբունքին։ Ենթադրենք ես կարողացել եմ ճարել վերջին Ubuntu-ի Edgy Eft դիստրիբուտիվը՝ ես դրանով ներկայանում եմ ընկերներիցս մեկի մոտ, և հպարտորեն սկսում եմ պատմել, որ դրանից լավ Լինուքս աշխարհում չկա։ Գլուխ-գովության սույն ակտից հետո սովորաբար ընկերս էլ աշխատում է ինձ որևէ կերպ զարմացնել և ջրի երես է հանում իր սեփական գտածոն։ Ձև թափելու և չեմ-ու-չում-ի կարճատեվ ակցիայից հետո երկուսս էլ գոհ հրաժեշտ ենք տալիս, ամեն մեկս նոր Լինուքս-խաղալիքով։

Եզրակացություն՝ Հայաստանում Լինուքս քչփորողների օրը օր չի, բայց որոշակի հնարավորություններ կան + ով փնտրի, նա կգտնի:

Եզրակացություն 2՝ Հայաստանում ոչ մեկի օրն էլ օր չի, այնպես որ չարժի նվնվալ։

Կոնկրետ առաջարկ՝ եթե դուք որևէ նոր կամ հին Լինուքս ունեք և պատրաստ եք փոխանակման, այս բլոգի Comment բաժնում թողեք Ձեր առաջարկը։ Ես անպայման ձեզ հետ կկապվեմ։

Saturday, September 23, 2006

Ինչպե՞ս տեղադրել Լինուքսը USB Flash դիսկի վրա

Դրախտի իմ տարբերակում հնարավոր է տան համակարգչի վրա բեռնել Լինուքս և փորձարկել նոր հայտնաբերածս հրամանները կամ ինտերնետ մտնել՝ առանց համակարգչի կոպիտ սկավառակի վրա Լինուքսի տեղադրում կատարելու, Բեռնավորման (boot) սեկտորը փոփոխելու կամ CD-ROM-ից բեռնավորվելու տանջալից պրոցեսին հետևելու։


Այո՛, դա հնարավոր է՝ պարզապես հարկավոր է տեղադրել Damn Small Linux (DSL) USB Ֆլեշ դիսկի վրա, ընդ որում այդ ամենը արվում է Windows-ի միջոցով։ Ձեզ ընդամենը հարկավոր է մի քիչ քաջություն, և հետևյալը՝

  • 64 MB կամ ավելի մեծ USB ֆլեշ դիսկ
  • Damn Small Linux
  • Syslinux V2.11

Տեղադրումը.

  1. Օգտվելով Windows-ի ֆորմատ ծրագրից կամ ձեր ցանկացած այլ եղանակով ֆորմատավորում եք ձեր Ֆլեշ դիսկը՝ օգտագործելով FAT ֆայլային համակարգը (Windows-ը ձեզ կառաջարկի FAT32)։Այս սուրբ գործը կարող եք սկսել բացելով My Computer պատուհանը և մկնիկի օգնությամբ աջ-կտոցելով Ֆլեշ դիսկի անվանման վրա։ Այնուհետև մենյուից ընտրելով Format… ենթակետը։
  2. Ձեր հաջորդ քայլն է Այստեղից բեռնել մոտ 52 մետրանոց (MB) dsl-embedded.zip ֆայլը։
  3. dsl-embedded.zip ֆայլի պարունակությունը բացում ենք USB դիսկի մեջ։
  4. Բեռնում և որևէ ֆայլադարանում բացում ենք syslinux.zip ֆայլը (օրինակ՝ C:\TEMP)։
  5. Աշխատեցնում ենք command prompt (start/run/cmd) և տեղափոխվում syslinux-ի ֆայլադարան (CD C:\TEMP): Այնուհետև հավաքում ենք syslinux.exe L: (որտեղ L: տառի փոխարեն գրում ենք ձեր համակարգչում USB դիսկի ստացած տառանվանումը)
  6. Վերաբեռնում ենք համակարգիչը և մտնում BIOS, ապա բեռնավորման հերթականության մեջ առաջին տեղում դնում ենք USB սարքը (կախված BIOS-ի տեսակից այն կարող է կոչվել USB_ZIP կամ USB_HDD)։
  7. Պահպանում ենք BIOS-ի պարամետրերը։ Հաջորդ վերաբեռնման ժամանակ ձեր համակարգիչը կբեռնավորի Damn Small Linux-ը ձեր USB ֆլեշ դիսկից։

Էս ել խմենք Լինուքսի կենացը՜...

Tuesday, July 04, 2006

Գրանցվի՛ր... Լինուքս օգտագործողների հաշվիչ

Այսօր ես դարձա Լինուքսի գժերին հաշվել փորձող սերվերի 421267–րդ օգտագործողը։ Եթե դուք էլ եք ձեզ համարում նմանօրինակ գժերից մեկը, առաջարկում եմ մտնել http://counter.li.org/ և նույնպես գրանցվել։

Այստեղ իհարկե հարց է առաջանում՝ ինչո՞ւ գրանցվել։ Կպատասխանեմ կարճ և համոզիչ կերպով՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Ես համոզված եմ, որ աշխարհում մի քանի միլիոն Լինուքսի օգտագործող կա։ Ծրագրային ապահովման աշխարհում քանակը հաճախ որոշում է ամեն ինչ։ Ասածս հիմնավորեմ հետևյալ օրինակով. ցանկացած հայի համար OpenOffice գրասենյակային ծրագրերի փաթեթը պետք է, որ ամենախելացի ընտրությունը լիներ՝ սա միակ ծրագիրն է, որն ունի գործող ուղղագրության ստուգիչ բառարան և բացի այդ, տարածվում է ազատ կերպով։ Սակայն Microsoft Word անունով անհեթեթությունը շարունակում է գերակա դիրք զբաղեցնել Հայաստանում լոկ իր քանակական առավելության շնորհիվ։

Այնպես որ, գրանցվեք և թող Լինուքս օգտագործողների քանակը դառնա ևս մի փաստարկ այս հոյակապ օպերացիոն համակարգի օգտին։

Saturday, June 24, 2006

Լինուքսի անցավ հեռացում

Որքան էլ տարօրինակ թվա, շատերը խուսափում են իրենց մոտ Լինուքս տեղադրելուց, որովհետև վստահ չեն, որ հետո կկարողանան այն առանց պրոբլեմների հեռացնել՝ ջնջել։ Թեև այս անհանգստությունը որոշակի հիմքեր ունի, կառաջարկեմ Լինուքսը առանց հետքերի և հետևանքների հեռացնելու մեկ շատ պարզ, ես նույնիսկ կասեի՝ գրաֆիակական տարբերակ, պայմանով, որ հեռացնելուց հետո անմիջապես կվերատեղադրեք Ձեր Լինուքսը։ Չէ որ Լինուքսը անվերադարձ կերպով ջնջելը համարվում է ՍիսԱդմինի 7 աններելի մեղքերից մեկը։

Նախապայմաններ.
- Դուք պետք է ունենաք տեղադրված Լինուքս և այն հեռացնելու անհագուրդ ցանկություն :)))))))))))))))))
- Դուք պետք է Մուտք գործեք Windows XP/Windows 2000/Windows 2003 որպես Administrator, կամ Ադմինի թույլատվություններ ունեցող այլ օգտագործող։
- Գիտակցեք, որ ձեր կողմից անելիք քայլերը անվերադառնալի են, և որ ես որևէ պատասխանատվություն չեմ կրում եթե դուք սխալմամբ ջնջում եք ձեզ համար խիստ անհրաժեշտ ինֆորմացիա։
- Հիշեք, որ կան Լինուքսը հեռացնելու բազմաթիվ տարբերակներ, և որ կոնկրետ այս տարբերակը նկարագրելիս ես աշխատել եմ օգտվել բացառապես անվճար կամ Windows համակարգի մաս կազմող ծրագրային ապահովումից։


10 Սկսեցինք։ Գնում եք Start -> Run
20 Run-ի մեջ տպում ենք՝ compmgmt.msc և սեղմում ենք OK
30 Բացված Computer Management լուսամուտի մեջ ընտրում ենք Disk Managment կոնսոլը


40 Խորաթափանց հայացքով զննում եք Դիսկ Մանեջմենթ կոնսոլի հայտնաբերած Դիսկային Մասնաբաժինները՝ Partitions։ Լինուքսի դիսկերը հեշտությամբ կարելի է ճանաչել, որովհետև նրանց վրա գրվում է՝ Healthy Unknown Partition (Առողջ Անհայտ Մասնաբաժին)։ Սովորաբար Լինուքսը ստեղծում է առնվազն 3 դիսկային մասնաբաժին՝ /, /swap և /usr ֆայլային համակարգերի համար։ Ամեն մի մասնաբաժինը Disk Managment կոնսոլը ճանաչում է որպես առանձին դիսկ, սակայն նրանցից ցանկացածը ջնջելու փորձ անելիս կջնջվեն Լինուքսին պատկանող բոլոր դիսկային մասնաբաժինները, քանի որ նրանք միավորված են մեկ Տրամաբանական Դիսկի մեջ։ Այսպիսով, աջ-կտոցելով Healthy Unknown Partition-ներից ցանկացածի վրա, բացվող ենթամենյուից ընտրում ենք Delete Logical Drive կետը, ինչպես ցույց է տրված նկարում։

50 http://www.ranish.com/part/ էջից քաշում եք Partition Manager 2.40 ծրագիրը, Զիփ փաթեթից վերցնում եք part.exe ծրագիրը և գցում եք ձեր Բեռնավորվող դիսկետի կամ CD-ի վրա։ Վերաբեռնում եք համակարգը և մտնում եք DOS, ցանկալի է Դիսկետից։ Աշխատեցնում եք part.exe ծրագիրը, սլաքներով իջնում եք MBR Master Boot Record և օգտվելով ստեղնաշի սլաքներից Unknown IPL-ը փոխում եք Standart IPL-ի: Արված փոփոխությունները F2-ով Save անելուց հետո դուք վերջնականապես կազատվեք LILO կամ GRUB Լինուքսային բեռնավորիչներից։
60 Վերաբեռնավորում ենք համակարգիչը։ Խորապես ցավում եմ, որ դուք այնուամենայնիվ որոշեցիք ջնջել ձեր Լնուքսը...

Thursday, June 22, 2006

Մոբիլ Լինուքսի Բաց Պլատֆորմ` բջջային հեռախոսների համար


Սկզբնաղբյուրներ. Մոտոռոլա և ՍիՆեթ Նյուզ

5 հունիսի, 2006թ. - Այսօր վեց բջջային հեռախոս արտադրող ընկերություններ՝ Motorola, NEC, NTT DoCoMo, Panasonic Mobile Communications, Samsung Electronics և Vodafone հանդես եկան հայտարարությամբ, համաձայն որի այս խոշորագույն ընկերությունները պատրաստվում են միացյալ ուժերով ստեղծել Լինուքսի վրա հիմնված Մոբիլ պլատֆորմ, որը, ունենալով բաց լիցենզիա, առաջ կբերի գործուն արտադրական ստանդարտներ, կպարզեցնի բոլոր մասնակցող ընկերությունների արտադրելիք սարքերում օգտագործվող ծրագրային ապահովման և սարքերի դրայվերների ստեղծման հետ կապված ջանքերը, ինչպես նաև կկրճատի ծրագրային ապահովման զարգացման ծախսերը։

Որպես Մոբիլ Լինուքսի կենսունակության ապացույց Պանասոնիկ ընկերությունը հպարտությամբ նշեց, որ իրենց կողմից Ճապոնական շուկա են հանվել ավելի քան 8 միլիոն Լինուքս հենքի վրա աշխատող հեռախոսներ, Մոտորոլան հիշատակեց 5 միլիոն Լինուքս հեռախոսների վաճառքը Ասիական շուկաներում՝ մասնավորապես Չինաստանում։

Նախաձեռնության հեղինակները նախատեսում են ստեղծել Մոբիլ Լինուքսի Հիմնադրամ, որի գործունեության մանրամասները առայժմ չեն պարզաբանվում։ Վեցնյակը նաև ցանկություն հայտնեց տեսնել այլ խոշոր բջջային հեռախոս արտադրող ընկերությունների մասնակցությունը Մոբիլ Լինուքսի ստանդարտացման պրոցեսին։

Կարելի է միայն հուսալ, որ Լինուքսը ի վերջո կնվաճի օգտագործողների սրտերը, եթե ոչ անհատական համակարգիչների, ապա գոնե խելացի հեռախոսների միջոցով։ Չէ որ այս ասպարեզում էլ Լինուքսի հնարավորությունները գործնականում անսահմանափակ են։