Monday, December 04, 2006

Լինուքս որսացողները, կամ որտեղից ճարել Լինուքս Հայաստանում

Լինուքս ճարելու ամենահեշտ տարբերակն ինտերնետից քաշելն է. 50-ից 700 մեգաբայթի սահմաններում կարելի է Լինուքսի բավական տանելի դիստրիբուտիվ /իր սեփական տեղադրիչ-ինստոլյատորով ամբողջական Լինուքս համակարգ/ քաշել։ Իհարկե, հեշտ ասելը հեշտ է, բայց երբ բանը հասնում է Հայաստանի պայմաններում 1-2 CD ծավալով ինտերնետից բան քաշելուն, կյանքը միանգամից սկսում է դժոխք թվալ, որովհետև ինտերնետը մեր մոտ շարունակում է դեֆիցիտ մնալ։

Ինչևէ, հերիք դարդերից պատմեմ, և ասեմ թե Լինուքս ձեռք քցելու համար ես ինչ քայլերի եմ դիմում.

  1. Դիսկերի խանութներում երբեմն (բավականին հազվադեպ), կարելի է հանդիպել Լինուքսի։ Առավել հաճախ իմ կողմից Լինուքս նկատվել է Discland խանութների ցանցում։ Վերջին մեկ տարվա ընթացքում հայկական դիսկային խանութներում նկատվել են՝ Mandrake 10.0; Red Hat 9; Fedora Core 2; Suse Linux; ASPLinux դիստրիբուտիվները։
  2. Դիմել ընկեր/բարեկամների օգնությանը։ Ահավոր օգտակար բան է Arminco-յում կամ Web.am-ում ծանոթ ունենալը։ Նրանք կարող են առնվազն 2 տեսակի օգնություն ցուցաբերել. 1 տարբերակ - նրանց սերվերների վրա, FTP-ում կան կամ պարբերաբար լինում են ամբողջական Լինուքս դիստրիբուտիվներ։ Լավ ծանոթ ունենալու դեպքում կարելի է CD-ով ներկայանալ և խնդրել Լինուքս։ Եթե չտան, կարելի է համառել, և խնդրել (ուշադրություն մոտեցանք 2րդ տարբերակին) ինտերնետից իրենց հաշվին քաշել և տալ երկար սպասված Լինուքսը։
  3. Դիմել փոխ-օգնության եղանակին։ Ես հաճախ եմ դիմում փոխանակման սկզբունքին։ Ենթադրենք ես կարողացել եմ ճարել վերջին Ubuntu-ի Edgy Eft դիստրիբուտիվը՝ ես դրանով ներկայանում եմ ընկերներիցս մեկի մոտ, և հպարտորեն սկսում եմ պատմել, որ դրանից լավ Լինուքս աշխարհում չկա։ Գլուխ-գովության սույն ակտից հետո սովորաբար ընկերս էլ աշխատում է ինձ որևէ կերպ զարմացնել և ջրի երես է հանում իր սեփական գտածոն։ Ձև թափելու և չեմ-ու-չում-ի կարճատեվ ակցիայից հետո երկուսս էլ գոհ հրաժեշտ ենք տալիս, ամեն մեկս նոր Լինուքս-խաղալիքով։

Եզրակացություն՝ Հայաստանում Լինուքս քչփորողների օրը օր չի, բայց որոշակի հնարավորություններ կան + ով փնտրի, նա կգտնի:

Եզրակացություն 2՝ Հայաստանում ոչ մեկի օրն էլ օր չի, այնպես որ չարժի նվնվալ։

Կոնկրետ առաջարկ՝ եթե դուք որևէ նոր կամ հին Լինուքս ունեք և պատրաստ եք փոխանակման, այս բլոգի Comment բաժնում թողեք Ձեր առաջարկը։ Ես անպայման ձեզ հետ կկապվեմ։